Առկա ճգնաժամը մեկ լուծում ունի` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որտեղ երևանցին այս անգամ իր ընտրության մեջ չի սխալվի. Սևակ Խաչատրյան
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ կապիտուլյանտների թիմում ներքին պառակտումների ալիքը կանգ չի առնում։ Տեղի ունեցածը բացահայտ արհամարհանք է այն երևանցիների նկատմամբ, ովքեր իրենց ընտրությամբ որոշեցին իրենց քաղաքապետը կարգին Հայկոն է լինելու։
Երկպառակություններն ու կարգին-անկարգների, տկզար-կխտարների իրականության մեջ ոտնահարվում է քաղաքացու քվեն։ ՔՊ-ն փաստացի տրորում է սեփական երբեմնի ընտրազանգվածի կամարտահայտությունը` այս կերպ ի ցույց դնելով, որ բռնատիրական օրենքներն այլևս գերակայություն են։ Հստակ է, որ Երևանի ներկայիս քաղաքապետը բնավ չի արտահայտում երևանցու կամքն ու ընտրությունը։ Ստացվում է, որ երևանցին կարող է ընտրել իր նախընտրած թեկնածուին ու որոշ ժամանակ անց, գողացվի այդ ընտրությունն ու քաղաքի ղեկը հանձնվի ոմն մեկի, ում կենսագրությունն ավելի շատ իրենից ռեզյումե է ներկայացնում։
Առկա ճգնաժամը մեկ լուծում ունի. այն է` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որում երևանցիները ցույց կտան, որ ՔՊ-ն այլևս չունի հանրության մեծամասնության քվեն ու վստահությունը։ Երևանցին այս անգամ, համոզված եմ` իր ընտրության մեջ չի սխալվի...»։
