Փաշինյանի հայտարարությունները «դանդաղ գործունեության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան. քաղաքագետ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Աննա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ կայացած Նիկոլ Փաշինյանի ասուլիսին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մի քանի նպատակ էր հետապնդում`
պատրաստել հասարակությանը դելիմիտացիայի գործընթացի հնարավոր զարգացումներին, այդ թվում` Տավուշում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման բաղադրիչով,
պատրաստել Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհների հարցում մոտալուտ զարգացումներին` ուղեկցողներով երթևեկություն և այլն:
Բայց ամենացավալին բառակազմն ու կոնցեպտն էր` վերաբերող Արցախյան հակամարտությանը: Վերջին ամսում արդեն երկրորդ անգամ Փաշինյանը կարևորագույն հարցերի վերաբերյալ անում է հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմքում մանիպուլատիվ են, այլև աղետալի ապագա հեռանկարի համար:
Նախ Փաշինյանը հայտարարեց, որ 2016-ին զրոյացվել է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հեռանկարը, իսկ երեկ կասկածի տակ դրեց արդեն նաև նախկին առնվազն ԼՂԻՄ տարածքի վերականգնման պահանջի լեգիտիմությունը:
Այս հայտարարությունները ոչ միայն գերազանցում են Ադրբեջանի նույնիսկ առավելապաշտական ակնկալիքները, այլև «դանդաղ գործունեության ռումբեր» են, որոնք պայթեցնելու են Արցախի ապագան: Եվ որ ամենազավեշտալին է, այս հայտարարություններն անում է նույն մարդը, ով 2019-ին բղավում էր «Արցախը Հայաստան է և վերջ»... ինչի հետևանքները տեսանք բոլորս»:
