Դուք Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարել եք, մի բան էլ ավելի․ Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանությանը
Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առաջ, դա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, 7 շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին և հաջորդը Ցեղասպանության ճանաչման հետ կապված այդ հարցը պատմաբաններին փոխանցելը, հիմա ավելացել է ևս մեկը Զանգեզուրի միջանցքը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը՝ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Մեր մոտեցումը միշտ հետևյալն էր՝ միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների: Հիմա ինչ է կատարվել այդ նախապայմանների հետ։ Սկսենք երկրորդից։ Ոչ միայն 7 շրջաններն են վերադրաձվել, այլև մի բան էլ բոնուսով՝ Շուշին ու Հադրութն են տվել։ Ըստ էության, այդ նախապայմանն այլևս գոյություն չունի։ Ցեղասպանության հետ կապված Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, թե կարող ենք հաջողության հասնել Ցեղասպանության ճանաչման գործում, այդ հարցն ամբողջությամբ իշխանությունները թողելկ են Հայ դատի գրասենյակների վրա: Այսինքն, երկու նախապայմանը չկա:
ՀՀ առաջին դեմքն ասում է, որ չի տեսնում որևէ տարբերակ, որևէ կարգավիճակ Արցախի համար Ադրբեջանից դուրս։ Վերջին ասուլսիս ժամանակ էլ վերահաստատեց սա։ Երեք նախապայմաններն էլ կատարված են, հիմա, որ ասում են, թե պատրաստ ենք առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել։ Դուք բոլոր նախապայմանները կատարել եք, մի բան էլ ավել։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա էլ քննարկում եք ինչ-որ միջանցքի թեմա»,- ասաց Ռ․Քոչարյանը:
