Արցախի շուրջ վերջին զարգացումները բանակցային հետագա գործընթացը բացառելու իրական ռիսկեր են պարունակում․ քաղաքագետ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Հերմինե Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախի շուրջ վերջին զարգացումները բանակցային հետագա գործընթացը պարզապես բացառելու, անհնար դարձնելու իրական ռիսկեր են պարունակում
Դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի կողմից արվեցին հայտարարություններ, որոնք
Ա – բանակցային գործընթացի տարրերի մանիպուլյացիա էին,
Բ – խեղաթյուրում էին բանակցային գործընթացի տրամաբանությունը,
Գ – փորձ էին զրոյացնելու Հայաստանի վաղվա իշխանությունների ու բանակցողների շանսերը բանակցային սեղանի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «2018-ից առաջ Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները»։ Այդ դեպքում, կներեք, իսկ ինչու՞ էր Ադրբեջանի նախագահը 2016-ին ասում, թե «միջանցքներում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը», այդ ո՞վ էր ստիպում, ու ամենակարևորը՝ ինչու՞, եթե ամեն ինչ այդքան միանշանակ էր։
Հաջորդ բավական վտանգավոր թեզը Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեին ու ադրբեջանցիների վերադարձին է վերաբերում։ Ինչու՞ է Հայաստանի վարչապետն այսօր բարձրացնում այս հարցը։ Ի՞նչ զարգացումներ կան տեղահանվածների, փախստականների վերադարձի հետ կապված, որոնց, գուցե մեր հասարակությանը փորձում են նախապատրաստել։
Լրիվ մանիպուլյացիայի դաշտից է ՄԱԿ ԱԽ-ին վերաբերող կտորն ու ձևակերպումները։ ԵՎ առհասարակ, տպավորություն կար, որ Հայաստանի վարչապետն ավելի ջանասիրաբար է փորձում պաշտպանել ադրբեջանական թեզերն ու մոտեցումները, քան անգամ իրենք՝ ադրբեջանցիներն են ունակ անելու։ Թե՛ կողմերի հայտարարությունները, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ու համանախագահող երկրներից եկող մեսիջները որևէ կերպ խնդիրն այլ հարթակ տեղափոխելու տրամադրություններ չեն արտացոլել, ճիշտ հակառակը։
Իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի վարչապետի նման կեցվածքը, ես կդժվարանամ պատասխանել։ Մի բան ակնհայտ է՝ Արցախից լիարժեք ազատվելու ու Արցախի էջը փակելու քաղաքականություն է իրականացվում, չի բացառվում՝ նորից փակ պայմանավորվածությունների շրջանակներում, այդ թվում՝ Թուրքիայի մասով»։
