«Ադրբեջանը քրիստոնեություն ընդունել է 313 թվականին». ԱՄՆ-ում ադրբեջանցի հյուպատոս Աղաևը ծաղրի առարկա է դարձել
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը կաթոլիկների Սուրբ Ծննդի առթիվ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
Հյուպատոս Աղաևը պնդում է, որ Ադրբեջանն ունի «հին քրիստոնեական ժառանգություն», որպես իր խոսքի ապացույց՝ նա օգտագործել է Արցախի հին հայկական վանքերի և եկեղեցիների լուսանկարները։ Փոխանցում է yerkir.am-ը։
«Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թվականին։ Այսօր հարյուր հազարավոր քրիստոնյաներ ապրում են խաղաղ և ազատորեն դավանում են Ադրբեջանում»,- գրել է նա։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի վրա։
«Ադրբեջանի «Սուրբ Ծննդյան բացիկը». Այս կեղծ թվիթը պնդում է, որ գոյություն ունեն «ադրբեջանական քրիստոնեական եկեղեցիներ», և որ Ադրբեջանը քրիստոնեական պետություն է դարձել 313 թվականին»,- գրել է ANCA-ն իր ֆեյսբուքյան էջում։
Նասիմի Աղաևի հրատարակած կոլաժը պարունակում է 9-րդ դարի հայկական Դադիվանքի (Քարվաճառում, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) վանական համալիրի լուսանկարները, 10-րդ դարի հայկական Գանձասարի վանական համալիրը (Մարտակերտի շրջան), Քաշաթաղի շրջանի վաղ միջնադարյան Ծիծեռնավանքը (44-օրյա պատերազմի արդյունքներով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ):
