Reuters: Պատժամիջոցների ճնշման տակ «Արմենալը» կրճատում է արտադրությունը
Փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը (պատկանում է ալյումին արտադրող հսկա «Ռուսալ»-ին) սկսել է կրճատել արտադրական հզորությունները և կարող է ամբողջությամբ դադարեցնել արտադրանքը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով «Ռուսալ»-ին մոտ կանգնած իր աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով, «Արմենալ»-ի հզորությունները կրճատվում են պահանջարկի նվազման պատճառով, ինչն էլ կապվում է գործարար Օլեգ Դերիպակայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետ։
Ըստ աղյուրի, ներկայումս ձեռնարկությունների արտադրական ստորաբաժանումները գտնվում են դադարի ռեժիմում, իսկ աշխատակիցներին վճարվում է միջին աշխատավարձի երկու երրորդը։
«Ռուսալը» և ռուսական մյուս ընկերություններն ընկել են ամերիկյան պատժամիջոցների տակ այս տարվա ապրիլի 6-ին։
Նշենք նաև, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում «Արմենալը» Հայաստանի պետբյուջե է փոխանցել 667.6 միլիոն դրամ հարկ ու տուրք, ինչը 31.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2017թ․ առաջին կիսամյակում վճարել էր 969.9 միլիոն դրամ):
Եթե 2017թ․ առաջին կիսամյակի ավարտին «Արմենալ»-ը հայաստանյան առաջին հազար խոշոր հարկատուների ցանկում 64-րդն էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի վերջին արդեն 122-րդն էր:
