Մահացել է լեգենդար ջազ դաշնակահար Չիկ Կորեան
ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Գրեմմիի 23 մրցանակների դափնեկիր Չիկ Կորեան:
Ամերիկացի երաժշտի կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2020 թվականին: 1968-ին Կորեան ելույթ է ունեցել Miles Davis խմբի հետ, իսկ մեծ ժողովրդականություն է սկսել վայելել այն բանից հետո, երբ 1972 թվականին հիմնադրել է Return to Forever խումբը: Նա նաև գրել է մի քանի հիթեր, այդ թվում ՝ «Իսպանիա»-ն և «500 մղոն բարձրություն»-ը։
Չիկ Կորեանը մահացել է քաղցկեղի հազվադեպ տարատեսակից, որը նրա մոտ ախտորոշվել էր վերջերս։
«Նրա ստեղծագործական ժառանգությունն ու տարիների շրջագայությունը աշխարհով մեկ արձագանք է գտել միլիոնավոր մարդկանց սրտերում», – ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ տարվա նոյեմբերին BBC-ին տված հարցազրույցում Կորեան ասել էր, որ զբաղվում է նոր նախագծերով և անհամբեր սպասում է կրկին ելույթ ունենալ կենդանի հանդիսատեսի առջև: Իր մահից առաջ երկրպագուներին թողած հաղորդագրության մեջ Կորեան ասել է.
«Հուսով եմ, որ նրանք, ովքեր կարողանում են նվագել, գրել, ելույթ ունենալ կամ անել ինչ-որ ուրիշ բան, ապա կզբաղվեն դրանով։ Եթե ոչ իրենց համար, ապա ուրիշների։ Բանն այն չէ, որ աշխարհն ավելի շատ արտիստների կարիք ունի, այլ որ դա շատ զվարճալի է»:
