Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքը:
Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նշանակվել Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրենի ու դիրիժորի պաշտոնում: «Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին: Հավատարիմ մնալով Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին, մենք ժամանակակից կոմպոզիտորներին կտրամադրենք հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց աշխատանքները»,- ասել է Օրբելյանը:
