Հունաստանի վարչապետը խոսել է «մղձավանջային ամառվա» մասին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է «մղձավանջային ամառվա» մասին՝ կապված անտառային հրդեհների հետ, որոնք շարունակում են ամայացնել երկիրը, հայտնում է BBC-ն:
Հազարավոր մարդիկ տարհանվել են Հունաստանի մի շարք շրջաններից, եւ ավելի քան 1000 հրշեջ է ուղարկվել՝ հրդեհները վերահսկելու համար: Երկիրը վերջին 30 տարվա ընթացքում ամենասաստիկ շոգն է ապրում։
Իշխանությունները զգուշացրել են, որ նոր հրդեհների վտանգը շարունակում է բարձր մնալ բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Աթենքում եւ Կրետեում:
Միցոտակիսն ասել է, որ հիմնական առաջնահերթությունը «առաջին հերթին մարդկային կյանքերի պաշտպանությունն է»:
Անտառային հրդեհների մասին եվրոպական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում Հունաստանում այրվել է ավելի քան 56 000 հա տարածք:
Անցած 24 ժամվա ընթացքում տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել Էվիայում՝ Հունաստանի երկրորդ ամենամեծ կղզում, եւ Պելոպոնեսի շրջաններում, այդ թվում՝ Արկադիայում եւ Օլիմպիայում:
Էվիայում լաստանավով ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Առափնյա պահպանության ներկայացուցիչը AP-ին ասել է, որ տասը նավեր սպասում են կղզու հյուսիսում գտնվող Պեֆկի քաղաքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ավելի շատ մարդկանց տարհանեն:
Շաբաթ օրը Աթենքից հյուսիս ընկած Պառնիտա լեռան հրդեհը ծուխը տարածել է ամբողջ մայրաքաղաքում: Հինգշաբթի օրվանից հազարավոր մարդիկ տարհանվել են այդ տարածքից, բայց շաբաթ օրը կրակը մարել է: Սակայն, հաշվի առնելով ուժեղ քամու կանխատեսումները, մտավախություն կա, որ հրդեհը կարող է նորից բռնկվել:
