Թալիբները հայտարարություն են տարածել
«Թալիբան» արմատական շարժման անդամները հանդես են եկել ուղերձով, որում հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ այդ օրը «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել էին Աֆղանստանի Լոգար նահանգի վարչական կենտրոնը, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 50 կմ դեպի հարավ:
ՆԱՏՕ-ի պետությունների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը, արդեն սկսել են իրենց քաղաքացիների տարհանումը՝ Քաբուլի մոտ թալիբների ջոկատների արագ առաջխաղացման կապակցությամբ։
Ամերիկացի դիվանագետների տարհանման համար Վաշինգտոնն արդեն ձեռնամուխ է եղել լրացուցիչ զինծառայողների տեղափոխմանը Աֆղանստանի մայրաքաղաք։ Զորքերի հիմնական մասը կժամանի մինչև հանգստյան օրերի ավարտը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է որքան կարող է օգնել Քաբուլում կառավարությանը։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ Աֆղանստանի իրադրության վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով:
Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, որոնք ցանկանում են թույլ չտալ Աֆղանստանը ահաբեկիչների որջ դարձնելը։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։
