Իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը լարվածությանը։ ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Սյունիքի մարզում՝ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական անցակետի մոտ իրանցի վարորդների ձերբակալմանը։ Այստեղ ադրբեջանցիները ստուգում են իրանական բեռնատարները, վարորդներից գումար հարկում։
«Ես Նյու Յորքում հանդիպեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Դիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք, որ օրինակ, ըստ Ադրբեջանի նոր օրենքների, 15 օրից, 40 օրից գործելու են այս նոր կարգավորումները։ Միաժամանակ իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել։ Սակայն մեր կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է»:
