«Սա չքննարկվող հաղթող գործ է». փաստաբանը կոչ է անում երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով դիմել ՄԻԵԴ
Խնդրանքս է քաղաքացու փաստաբաններին` անպայման սպառեք ներպետական ատյաններն ու գանգատ ներկակացրեք Եվրոպական դատարան։ Սա չքննարկվող հաղթող գործ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից երեխաների աչքի առջև տղամարդուն բռնությամբ բերման ենթարկելու դեպքին։
«Ոստիկանի համազգեստով անձանց կողմից ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն «քաղմաս տանելու» տեսագրությունը բոլորդ եք տեսել։ Տեսել եք նաև, որ այդ ամենն իրականացվում էր ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձի մանկահասակ երեխաների աչքի առաջ։
Ասեմ իմանաք` այդ ոստիկանները քրեական պատասխանատվությունից խուսափելու են, դա հաստատ է։ Կհարուցվի քրեական գործ, շատ երկար կքննվի, բոլորը կմոռանան, հետո լռության մեջ գործը կկարճվի։
Խնդրանքս է քաղաքացու փաստաբաններին` անպայման սպառեք ներպետական ատյաններն ու գանգատ ներկակացրեք Եվրոպական դատարան։ Սա չքննարկվող հաղթող գործ է։ Բայց գանգատ ներկայացնելու խնդրանքս պայմանավորված չէ հետո պետությունից փոխհատուցում ստանալու հետ, անգամ ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստի ճանաչման հետ, շատ կարևոր եմ համարում այն, որ Եվրոպական դատարանի կայացվելիք որոշումը ապագայում կարդա, երբեմնի «քաղաքացիական հասարակության» ներկակացուցիչ իրեն հորջորջող Իոաննիսյան Դանչոն, ով այսօր անհաջող փորձ է կատարում արդարացնելու այդ համզգեստավոր անձանց»,- գրել է Վարոսյանը։
