Մենուա Հովսեփյանը 30 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ կարձակվի
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, այսօր կայացել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի և համայնքապետարանի երկու աշխատակիցների գործով առաջին դատական նիստը։
Դատարանը՝ գործը դատաքննության նախապատրաստելիս, քննության առարկա է դարձրել Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը։ Փաստաբան Էդգար Արամյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշել է գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ՝ 30 մլն ՀՀ դրամի չափով։
Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Հովսեփյանն ազատ կարձակվի։ Փաստաբանը դեռևս չի ծանոթացել դատարանի որոշմանը, ուստի, չի կարող ասել, թե ինչ հիմքով է նման որոշում կայացվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։ Կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն Մենուա Հովսեփյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ ձերբակալված Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ՝ 66-ամյա Ս.Մկրտչյանին, Ա.Չոպչունցին և Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել են։ Վերջինս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ մասնակցելու համար Գորիսի ՏԻՄ ընտրություններին որպես Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ։ Նախաքննության ավարտական փուլում ՔԿ-ն վերաորակել է արարքը։ Այժմ Իրինա Յոլյանը, Սուսաննա Մկրտչյանը և Չոպչունցը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանը՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Այժմ քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բորիս Բախշիյանի վարույթում։
