Դատական նիստերն անհարկի ձգձգվում են, տպավորություն է, որ ժամանակ են փորձում ձգել. Յոլյան (տեսանյութ)
Անդրադառնալով հարցին, որ դատական նիստերը ձգձգվում են, եւ խափանման միջոց կալանքի փոփոխման հարցը քննարկումը չի կայանում:
Անհարկի ձգձգումներ են տեղի ունենում, տպավորություն է, որ փորձում են ժամանակ ձգել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ընթացքին:
«Դա, հաստատ, լավ բանի չի բերի, ժամանակից առաջ չընկնենք, տեսնենք՝ ինչ կլինի, դատավորը շուտով կվերադառնա եւ կհասկանանք՝ ձգձգումը հստակ նպատակ ուներ, թե ոչ»,- նշեց Յոլյանը:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունը փորձում է ձգձգել Առուշանյանի կալանքի փոփոխման հարցի քննարկմանն ու խոչընդոտել, որ նա ստանձնի համայնքապետի պաշտոնը, Յոլյանը նկատեց.
«Տեւական ժամանակ քաղաքական ենթատեքստով հետապնդումների են ենթարկվում Սյունիքի համայնքների ղեկավարները՝ Առուշանյանը, թիմի անդամները, այն դեպքում, երբ ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, բայց ոչ մի քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունն ու դատախազությունը աչք են փակում իշխող կուսակցության կողմից արվող ապօրինի գործողությունների վրա: Գորիսի ժողովուրդը քվեարկել է «Առուշանյան» դաշինքի օգտին եւ ցանկացել է, որ իր համայնապետը տեղում լինի: Այս հետապնդումները, վստահ եմ, ժամանակի հարց են՝ մենք ունենք կամք դիմակայելու այս ամենին, ժամանակն ամեն բան իր տեղը կդնի, անընդհատ, երկար ժամանակ օրենք խախտել հնարավոր չէ»:
