Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է ԼՂ–ում խաղաղ բնակչի սպանությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննում է նոյեմբերի 8-ին ԼՂ–ում խաղաղ բնակչի սպանության ու 3 քաղաքացիների վիրավորվելու միջադեպը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելուն ուղղված ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,– ասված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ միջադեպը վերջին մեկ շաբաթում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միակ դեպքն է եղել։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԼՂ խաղաղ բնակչի սպանությունը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
