Թող ՔՊ-ն այսօրվա իր հանրահավաքն այդ ճանապարհի վրա անի. Աննա Գրիգորյան
ԱԽՔ կոչվածը տեղի ունեցածից մի քանի ժամ առաջ հայտարարում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետ ու անցակետ է կառուցվում։ Դրան ի պատասխան՝ մենք էլ ենք կառուցում մաքսակետ։ Ո՞ւմ համար ենք մենք ևս մաքսակետ կառուցում, նրանք պատկերացնո՞ւմ են Գորիս-Կապան ճանապարհով անցնող մարդիկ ինչ անվտանգություն պետք է ունենան։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նաև նշեց․
«Վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, այնտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները։ Գիշերն անհանգիստ է եղել, ժամը 24․00-ից հետո անհասկանալի իրադարձություններ են տեղի ունեցել այնտեղ։ Հստակ տեղեկություն դեռ չունեմ։ Երեկ ԱԽՔ-ը խոսում էր այնընտրանքային ճանապարհի մասին։Լ Այսինքն, կարելի է սեփական միջպետական ճանապարհը հանձնել ու ասել, որ մենք այնընտրանքային ճանապարհ ունենք։ Նա, հաշվի առնելով աշխարհագրական ռելիեֆը, այն չի կարող փոխարինել միջպետականին, և Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը հայտնվելու են վատ իրավիճակում»։
Պատգամավորը գտնում է, որ Գորիս-Կապան ճանապարհով այլևս հնարավոր չի լինելու անցնել։
«Ես այս ակցիայից հետո պատրաստվում են գնալ այդ ճանապարհով անցնել՝ հասկանալու, թե քաղաքացին ինչպես է այդ ճանապարհով անցնելու: Կապանում այսօր ՔՊ-ն հանրահավաք է անում, կառաջարկեի նրանց գնալ ու այդ ճանապարհի վրա հանրահավաք անել։, մարդկանց էլ ցույց տային, որ ամեն ինչ շատ լավ է։ Սա արդեն քաղաքական հարց չէ, սա պետականության հարց է: Առանց իրավական հիմքի մաքսակետ դնելը նշանակում է, որ կատարում ես սահմանագծում»,-ասաց նա:
