Իմ ազատության մեջ մնալը խանգարում է իշխանությունների գործողություններին. Արթուր Սարգսյան
Մեկ ժամ առաջ ԱԺ-ում էի գտնվում, քանի որ վաղը նիստ ունեինք։ Լրատվամիջոցներից եմ իմացել, որ որոշումը փոխվել է և կրկին կալանավորվելու եմ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
Պատգամավորը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր փաստաբանները ծանուցված չեն եղել, որ այսօր նիստ կա. «Իմացել ենք, որ նոյեմբերի 12-ին նիստ կա, փաստաբանը միջնորդել է հետաձգել նիստը։ Այդ ժամանակ դատավորն էլ ուրիշ էր, իսկ այս երկու օրվա մեջ փոխվել է դատավորը ու նշանակվել է հանրահայտ Արմեն Դանիելյանը։ Կարծում եմ՝ մեկնաբանության կարիք չկա, քանի որ այդպես էլ պետք է լիներ։ Այս հետապնդումը քաղաքական է»,-նշեց Արթուր Սարգսյանը։
Վերջինս հավելեց, որ այսօր Սյունիքում սահմանների հետ կապված խնդիր կա, և համայնքապետերի պայքարը եղել է հենց սահմանների անվտանգության խնդիրը։
«Ոգիս, դուխս տեղն է։ Ոչինչ չի փոխվելու, թեկուզ մեկ ամիս էլ նստեմ։ Դեկտեմբերի 29-ին այս գործի վաղեմության ժամկետը լրանում է և ուզեն, թե ոչ, ինձ պետք է բաց թողնեն։ Կարծում եմ՝ իշխանությունների համար կարևոր է, որ այս մեկ ամիսը լինեմ կալանքի տակ»,-ասաց Արթուր Սարգսյանը։
Հարցին, թե ինչով է պայմանավորված կալանավորման հապճեպությունը, Արթուր Սարգսյանն ասաց, որ դա պայմանավորված է այսօրվա սահմանների իրավիճակի, Պաշտպանության նախարարի փոփոխության հետ։
«Իմ ազատության մեջ մնալը խանգարում է այսօրվա իշխանությունների կատարվելիք գործողություններին»,-ասաց պատգամավորը։
