Սա խայտառակության մի ուրիշ նշաձող է. Արամ Վարդևանյան
Սա խայտառակության մի ուրիշ նշաձող է, որի հաղթահարումը ես երբեք չէի պատկերացնի. Այսպես երբեք չի եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վարդաշեն» ՔԿՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել:
«Նախկինում էլ են եղել խնդիրներ ու ծանր խնդիրներ, բայց էսպես վիճակ երբեք չի եղել: Գործող պատգամավորին ինչ-որ Արմեն Դանիելյանի մակարդակով նորից բերել, կալանավորել, անընդունելի է:
Արմեն Դանիելյանը կարողանում է առանց դատախազի, առանց փաստաբանի, առանց Արթուր Սարգսյանի ինքն իր համար նիստ անի, կալանավորման որոշում կայացնի ու համար, որ արդարադատություն է իրականացնո՞ւմ: Դատավոր բառը եւ Արմեն Դանիելյան բառերը իրար հետ նույն նախադասությանմեջ դնելով մենք ծաղրի ենք ենթարկում արդարադատությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 10-ին, 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։ Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել։
