Փոխանակ անվտանգության հարցերը լուծեն, բեմադրություն են անում՝ նախարար հանում-նշանակում․ Վահե Հակոբյան
Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև, ամեն օր նոր տարածքներ ենք զիջում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ հանգում ենք նրան, որ պարտությունը, որը կրել ենք անցյալ տարի, շարունակական բնույթ է կրում։ Մենք չսահմանափակվեցինք Գորիս-Կապան ճանապարհը կորցնելով։ Փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհը, և արդբեջանական զինուժը ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում։ Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ Գորիս-Կապանին, որը խնդրահարույց է, իսկ Ճակատենի ճանապարհով մի շարք բնակավայրեր հայտնվել են բարդ կացության մեջ։ Կառավարությունը փոխանակ այս հարցերը լուծի՝ անվտանգության հարցերը, բեմադրություններ է անում, նախարար է հանում, նախարար նշանակում»,-ասաց Հակոբյանը։
