Էջմիածնում ՔՊ-ն կիրառում է վարչական ռեսուրս և ստեղծում է նախընտրական քարոզչության անհավասար պայմաններ. «Էջմիածին» դաշինք
«Էջմիածին» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի´ էջմիածնեցիներ,
այսօր Էջմիածին դաշինքի կողմից օրենքով սահմանված կարգով դիմում է հանձնվել թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովին, որում մասնավորապես նշվել է վերջին օրերին Էջմիածնում հայտնված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները փակցնելու կասկածելի գործընթացը:
Մենք կարծում ենք՝ վարչական ռեսուրսի նման կիրառումը կարող է անհավասար պայմաններ ստեղծել նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ազդել քվեարկության և ընտրության արդյունքների վրա:
Դիմումով պահանջում ենք, որպեսզի իրականացվի վարչական վարույթ, արձանագրվի վարչական ռեսուրսի կիրառման փաստը, վերացվեն վարչական ռեսուրսի կիրառման հետևանքները և պայմաններ ապահովվեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար՝ հավասար հիմունքներով օգտվելու նշված վահանակներին նախընտրական քարոզչության պաստառներ փակցնելու համար:
Սիրելի´ Էջմիածնեցիներ, ֆեյսբուքում այլ քաղաքական ուժերի կողմից շոու անելու պատրվակով տարածվում են սուտ տեղեկություններ, իբր Էջմիածին դաշինքը չի արձագանքում այս փաստին և համաձայն է այս ամենի հետ:
Ուզում ենք տեղեկացնել, որ հենց նման ստահոդ տեղեկություններ տարածողները իրենք ոչ մի բողոք, ոչ մի դիմում չեն ներկայացրել համապատասխան մարմնին` տարածքային ընտրական համձնաժողովին:
Մենք տեղեկացանք, որ դիմում-բողոք ներկայացրել է միայն Լուսավոր Հայաստան կուսակցությունը:
Եթե այս ամենը պարզապես քաղաքական չստացված շոու չէ, ապա ինչու՞ օրենքով սահմանված կարգով չեն դիմում իրավասու մարմիններին:
Հետևությունները թողնում ենք ձեզ, հարգելի էջմիածնեցիներ»:
