Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը. Վարդևանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը։ Պետք է անսթափ լինել, որ հնարավոր լինի ընկալել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն ներկայացնող և պաշտպանող անձը, այսինքն՝ ի պաշտոնե ՀՀ քաղաքացուն պաշտպանող անձն ինչ է խոսում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է դեռևս քննվի, թե որ դեպքերում է գերի ընկնելը համարվում հանցագործություն։
«Եթե նման միտք արտահայտի Ալիևը և Ալիևները, միգուցե տրամաբանություն՝ իրենց ազգի շահերի տեսանկյունից հնարավոր է գտնել։
Իրավական հիմք չի կարող լինել, որովհետև, եթե մարդը ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է։ Անկախ նրանից, թե ինչպես է դա եղել, ինչ հանգամանքներում է եղել, ՀՀ-ն ունի մեկ պարտականություն՝ րոպե շուտ ամեն ինչ անելու, որ մեր հայրենակիցները լինեն ՀՀ-ում »,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ պետք չէ զարմանալ, որ վաղը կամ մի քանի օր հետո թշնամին օգտվի այդ հայտարարությունից. « Եթե սկսի օգտվել, ի՞նչ ենք ասելու։ Չէ՞ որ չենք կարող լուրջ ասել, որ նշված անը սթափ հայտարարություն չի կատարել կամ պետք չէ լուրջ դիտարկել այդ հայտարարությունը, չէ՞ որ ի պաշտոնե է հանդես գալիս»։
Վարդևանյանի խոսքով՝ ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել, չօգտագործել առիթը՝ ևս մեկ անգամ ասելու, որ Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործությունների հերթական խումբն է կատարվում, այդ թվում՝ նորից ռազմագերիներ վերցնելով, ռազմագերին չվերադարձնելով։
«Դրա մասին խոսելու փոխարեն մի հատ էլ փորձեն քննադատաբար խոսել ՀՀ ԶՈՒ ցանկացած ներկայացուցչի մասին, առավել ևս՝ ով նման պայմաններում կարող է հայտնված լինել, լու՞րջ եք ասում։ Մենք բարոյական իրավունք ունե՞նք նման գնահատական տալու »,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ այսօր սահման են պահում նման՝ տեխնիկայի բացակայության և այլ խնդիրների պայմաններում, մինչդեռ, դիրքերի վերաբերյալ խնդիրները կարելի էր լուծել մեկ տարվա ընթացքում։ Ըստ պատգամավորի՝ դա ելակետային չէ, քանի որ դիրքերը գաղտնիության տիրույթում է և չեն կարող խոսել այնպես, ինչպես, օրինակ՝ ասֆալտի մասին։
ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ, շարունակելով միտքը, արձանագրեց, որ այսօր Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, խոսել է երեկ գերեվարված տղաների մասին, սակայն մինչ այդ մենք ունեցել ենք գերիների երկար պատմություն. «Արդյո՞ք այս ամբողջ ընթացքում ինքը նույն բանն ասել է, արդյո՞ք այն գերիների մասին չէր խոսքը, որ ինքը պատրաստ էր տղային փոխանակել գերիների հետ։
Ամբողջ ընթացքում չի ասել, չէ՞, որ պետք է պարզել, թե ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Հիմա ավելի է սրվել, նոր խնդիր է առաջացել, փորձում է հիմա էլ նոր «կրուտիտներ» անել»։
Վարդանյանը հիշեցրեց նաև Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որով վերջինս նշել էր, որ Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի զորքերը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից, ապա նշեց՝ քանի այս իշխանությունն է, դա բացառված է, թուլամորթ, անուղեղ, անգործունյա, պատրաստ զիջելու՝ միայն թե իշխանությունը պահեն։
«Այսօր ելնել և գերիների, անհետ կորածների մասին նման հայտարարություն անելը անբարոյականություն է»,- նշեց Վարդանյանը։
