Ինքս չեմ գոռացել «բ*-ի տղա, Նիկոլ», ինչն ամենևին չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ. Բագրատ Եսայան
Ես լավ չեմ հասկանում, թե ինչու եմ ներգրավված այս գործում, որովհետև այս քրգործում մեղքի որևէ անհատականացում չկա, ընդամենը մեկ ոստիկան, քրգործի հարուցումից, կոնկրետ մեղադրյալների ներգրավումից ամիսներ հետո հանկարծ հիշել է, որ ինձ տեսել է այնտեղ այդ արտահայտությունը վանկարկելիս: Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, ում մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն): Նույն մեղադրանքը, հիշեցնենք, առաջադրվել է նաև «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին և թվով 10 այլ մարդկանց։
Խոսքը վերաբերում է սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ գրանցված միջադեպին, երբ մարդիկ բացականչել են «բ*-ի տղա, Նիկո՛լ»:
«79 էջանոց մեղադրական եզրակացության մեջ անհարմար է անգամ ասել, թե ինչն է մեղադրանք։ Դա խուլիգանական դրդումներով իբր ես գոռացել եմ «Բ-ի տղա Նիկոլ»: Բայց պետք է ասեմ, որ ես ինքս չեմ գոռացել, որովհետև սովորություն չունեմ հասարակության մեջ այդպիսի արտահայտություններ անելու, որն ամենևին չի նշանակում, որ համաձայն չեմ այդ բնութագրման հետ: Երկրորդ, արդյո՞ք այդ արտահայտությունը համապատասխանում է այն բնորոշմանը, ինչ որ դատախազությունը մեղադրական եզրակացությունով փորձել է ներկայացնել, այսինքն, այդ արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է: Ես միջնորդելու եմ որպես փորձագետ ներգրավեն բանասերների, որպեսզի նրանք բացատրեն՝ ինչ է նշանակում սեռական բնույթի հայհոյանքը, որն ամեն ինչ կարող է լինել, բացի այդ «բ*-ի տղա, Նիկոլ» արտահայտությունից: Որոշ անձանց դեպքում դա կարող է լինել իրականության ամրագրում, նրանց հոգեվիճակի նկարագրություն, նրանց կարգավիճակի, որոշ անձանց դեպքում նրան գործողությունների բնութագիր: Դա փողոցային սլենգում ընդունված արտահայտություն է, որով բնութագրում են որոշակի արարքներ թույլ տված անձանց: Իսկ հայրենի հողեր հանձնելը ամբողջությամբ ընկնում է այդ բնորոշման հիմքում: Դա երբեք չի կարող համարվել սեռական բնույթի հայհոյանք»,-ասաց Եսայանը:
Այս գործը, ըստ Եսայանի, հենց սկզբում պետք է կարճվի:
