«Հավաստի տեղեկություններ կան, որ ստորագրված է փաստաթուղթ՝ միջանցքի մասին». Ավետիք Իշխանյան
«Միայն վերջին պարտությունը ցույց տվեց, որ որեւէ մեկին պետք չէ մեղադրել: Մեր ապիկարությունն է պատճառը: Նույնը եղել է 1921 թվականին: Ես ձեզ վստահաբար եմ ասում, որ 1921 թվականին Արցախը կարող էր միանալ Հայաստանին, եթե հայ բոլշեւիկները հետեւողական լինեին. դրանք փաստեր են»,- կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ հայ բոլշեւիկներն, ի տարբերություն ռուս բոլշեւիկների, համարեցին, որ ընդհանուր պետություն է եւ պետք չէ որեւէ բան անել: Հիշեցնենք, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն այսօր հանրային լսումներ էին կազմակերպել՝ «Արցախի եւ Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով:
Ինչեւէ, նա կարծում է, որ այսօր գոնե պետք է համընդհանուր շարժում ստեղծվի, քանի որ իրավիճակն օրհասական է եւ եթե Սյունիքն էլ կորցնենք՝ կորցնում ենք ամեն ինչ. «Բավականին հավաստի տեղեկություններ կան, որ նույնիսկ ստորագրված է փաստաթուղթ՝ միջանցքի մասին»:
