Ադրբեջանը ձգտելու է նոր պայմանագիր ստորագրել, որով Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը որպես Ադրբեջան. Նաիրի Հոխիկյան
Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ ստում է, մանիպուլյացիաներով փորձում մարդկանց ուշադրությունը շեղել. Այս մասին հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է հեռուստամեկնաբան, մեդիափորձագետ, Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին։
«Մեկ ասում են 1920-ականների, մեկ 1970-ականների քարտեզներով են սահմանագծումն իրականացնելու։ Երեկ էլ ասում է՝ այն քարտեզներով են լինելու, որոնցով Հայաստանը անկախացել է Խորհրդային միությունից։ Դա Հայաստանի համար աղետաբեր քարտեզ է, աղետաբեր սահմանագծում է։ Հայաստանը և Ադրբեջանը 1918 թվականից հետո սահմանագծման միջպետական սահմանագիծ չեն ունեցել և բնականաբար, Ադրբեջանը հիմա ձգտելու է նոր պայմանագիր ստորագրել, որով Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը որպես Ադրբեջան, նույնը Նախիջևանը, Քաշաթաղը, Քարվաճառը»։
Հոխիկյանը նշեց, որ այլևս չի կարելի լռել, հայրենակիցները պետք է հավաքվեն, ճնշեն իշխանությանը և ստիպեն չստորագրել աղետաբեր փաստաթղթերը։
«Եթե իշխանությունը չկատարի պահանջները, իսկ մենք գիտենք, որ թշնամու հետ գործարք ունեն, կլինի մեր հաջորդ քայլը»։
Հոխիկյանը նշեց, որ շարժման շրջանակներում ճնշումներ գործադրվում են նախաձեռնողների վրա, սակայն նրանք այդ ճնշումներից չեն վախենում։
Նշենք, որ Երրորդ օրն է՝ Ազատագրական շարժումը հանրահավաք է անցկացնում։ Այսօր առավոտյան էլ անհնազանդության ակցիա էին իրականացնում Երևանի Մետրոպոլիտենում։ Հոխիկյանը հայտնեց, որ փորձեցին հանրության ուշադրութունը հրավիրել աղետի վրա ու կոչ էին անում հավաքվել հանրապետության հրապարակում։ Անհնազանդության մի քանի րոպեանոց ակցիայից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց շարժման երկու անդամներին։ Երեք ժամ հետո նրանց ոստիկանական բաժանմունքներից դուրս են եկել։
