Պատրաստ ենք հանդիպել յուրաքանչյուր հայի հետ, որը կպայքարի այս իշխանության դեմ. Տոնոյան
Ազատագրական շարժման ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել բոլոր նրանց հետ, ովքեր կօգնեն Հայաստանն ազատել Նիկոլ Փաշինյանից։ Նման հայտարարություն արեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Նշենք, որ այս պահին էլ բողոքի ակցիան շարունակվում է Հանրապետության հրապարակում։ Մասնակիցները դեռ նոյեմբերի 22-ից են սկսել իրենց ակցիաները և պահանջում են կառավարությանը գաղտնազերծել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցք կամ տարածքներ չտրամադրել։
«Մենք բաց հայտարարում ենք, որ պատրաստ ենք հանդիպել յուրաքանչյուր հայի հետ, որը կպայքարի այս իշխանության դեմ, քանի որ մենք ունենք մի թշնամի և այդ թշնամուն օգնող մի մարդ։ Թշնամին թուրքն է, իսկ նրանք օգնողը կամ եղբայրը` Նիկոլ Փաշինյանը։ Մենք ուզում ենք նրանից ազատվել, հետևաբար պետք է միասնական լինենք»,–ասաց Տոնոյանը։
Նա շեշտեց, որ եթե որևէ քաղաքական, հասարակական ուժ կարողանար Նիկոլ Փաշինյանից միայնակ ազատվել, ապա այս մեկ տարում արդեն արած կլիներ։
Տոնոյանի խոսքով` այս պայքարում որևէ կուսակցական պատկանելություն չպետք է հաշվի առնվի։
