Մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել. Պուտին
Մեկ տարվա ընթացքում Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար քիչ բան չի արվել, բայց, ցավոք, ոչ բոլոր հարցերն են կարգավորվել. Այս մասին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը շեշտել է, որ եռակողմ հանդիպման նպատակն է պայմաններ ստեղծել Ղարաբաղում անվտանգության համար։
«Ցավոք, որոշ հարցեր կարգավորված չեն, սահմաններում միջադեպեր են գրանցվում, որոնց հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Սրանք այն հարցերն են, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Հենց դրա համար էլ մենք հավաքվել ենք, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից, բայց ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել։ Նախ մեծ մասշտաբով ռազմական գործողություններ չեն գրանցվել, ինչը արդեն լավ է, իսկ այս ժամանակում ռուսական կողմի ներգրավվածությամբ մեծ աշխատանքներ են կատարվել»։
Պուտինը նշել է, որ ռուսական կողմի քայլերի շնորհիվ 53 հազար տեղահանված քաղաքացի է վերադարձել նախկին բնակության վայրեր։
«Մարդիկ պետք է իրենց ապահով զգան տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան այնտեղ զարգացնել տնտեսությունը»։
ՌԴ նախագահը կարևորեց նաև երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով կատարված աշխատանքները՝ հավելելով, որ աշխատանքերը հեշտ չեն, բայց դրանք առաջընթաց են գրանցել։
«Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Մենք խորը պատմական կապեր ունենք, չէի ցանկանա, որ դրանք քանդվեն, դրանք պետք է պահպանել ու զարգացնել»։
Պուտնիը նշեց նաև, որ եռակողմ հանդիպումից հետո երկկողմ հանդիպում կունենա նաև Նիկոլ Փաշինյանի հետ։
