Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ գտնում այդ փաստաթղթում. Թագուհի Թովմասյան
Սոչիում ստորածրված փաստաթղթում չեմ տեսնում որևէ կետ, որը համադրվում է Հայաստանի շահի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց հետևյալը․
«Փաստաթղթում հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ գերիների մասով, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ գրված էր՝ գերիների վերադարձ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչը մեկ տարի է՝ չի իրականացվում։ Հետևաբար, չիրականացված փաստաթղթի չիրականացված կետի վրա հղում անելն աբսուրդ է։ Կարծում եմ, որ ՀՀ վարչապետը գոնե հատուկ կարծիք կգրեր կամ որևէ կերպ կհնչեցներ պետության տեսակետն այդ փաստաթղթի վերաբերյալ, քնաի որ մեկ տարի անց մենք գերիների վերադարձ չունենք»։
Թովմասյանը նաև նշեց, որ կարող է սկսվել դեմարկացիոն գործընթաց, բայց այն մեզ՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ձեռնտու չէ։ «Ստացվում է, որ Արցախի վրա փակում ենք մեր վերջին դուռը։ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում անկլավի կարգավիճակով»,- ասաց պատգամավորը։
