Պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը․ Աշոտ Մինասյանի պաշտպան
Այսօրվա քաղաքական իշխանությունը գենետիկ անհանդուժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ցանկացած ուժի հանդեպ՝ լինի դա փաստաբան, քաղաքական մարմին և այլն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա. 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք. Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մնաց ազատության մեջ, որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու համար։ Մեկ տարվա դեգերումներից հետո պարզվեց, որ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր անարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել։ Ժամանակն արդեն իսկ ապացուցել է, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել», - ասաց Պողոսյանը։
Վերջինս նշեց, որ օրեր առաջ է տեսակցել Աշոտ Մինասյանին, ով բարձր տրամադրություն է ունեցել. «Ինքը պատրաստ է ժամանակավորապես զիջել իր ազատությունը, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը»,- ասաց Պողոսյանը։
