Իշխանությունը կա՛մ նոր պատերազմ է բերելու, կա՛մ ՀՀ ազգային անվտանգությանը չնպաստող սահմանագծում և սահմանազատում է անելու․ Թևանյան
Շատ դեպքերում ոչ ֆորմալ ձևով ու մեր զինվորների արյան գնով է տեղի ունենում սահմանագծումն և սահմանազատումը, մասնավորապես, նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դա էր հուշում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա նաև հավելեց․
«Մեզանից բացարձակ գաղտնի են պահում, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, օրինակ, Սոչիում, ինչու է փաստացի ձախողվել փոխվարչապետների մակարդակով բանակցությունը: Մենք տարբեր ինֆորմացիաներ ստանում ենք կուլիսներից, բայց ցանկալի կլիներ, որ իշխանությունները բացահայտեն: Ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու: Հերթական շոկը երեկ էր, երբ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել «միջանցքի» վերբերյալ, և իրենք չեն թաքցնում, որ իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը» կարող են ստանալ նաև ուժով։ Այս պարագայում ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ ոչ ՀՀ ազգային անվտանգությանը նպաստող սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ են կատարելու: Հայաստանը ներկայացված է պարտության խորհրդանիշի դեմքով, իսկ պարտության խորհրդանիշը չի կարող բանակցել հակառակորդի հետ և չի կարող նորմալ հարաբերություններ հաստատել մեր դաշնակիցների ու բարեկամների հետ: Ցավոք, մենք պատերազմում պարտություն կրեցինք այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արդյունքում: Մեր դիրքերը թուլացել են, և այսօր թշնամուն «միջանցք» չի տրվում ոչ թե նրա համար, որ մենք ենք դրան խոչընդոտում, այլ ՀՀ գոյությունն այսօր պահպանվում է արտաքին գործոնների շնորհիվ, մասնավորապես, Ռուսաստանի ու Իրանի: Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է «միջանցքին» և դեմ է տարածքային ամբողջականության փոփոխությանը: Ռուսաստանն էլ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր, բնականաբար, չի կարող դրան կողմ լինել»։
