Եղել է ծրագրված ու այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյանը` ԱԺ–ում գրանցված միջադեպի մասին
Դեկտեմբերի 7-ին ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ շենքում անվտանգություն ապահովող ՊՊԾ–ն իրեն «կրավորական» է պահել։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ դա հերթական անգամ ապացուցում է, որ ամեն ինչ եղել է նախապես ծրագրված։
«Եղել է ծրագրված ու անգամ այլ շենքից հրահանգված,– ասաց Օհանյանը,– եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում է մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել։ Իսկ եթե ուզում են շեղել հանրության ուշադրությունը Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից և Արցախի թեմայով Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»։
Օհանյանը ընդգծեց, որ միջադեպը չի մոռացվելու, ընդդիմությունը սպասում է իշխանության արձագանքին։
