ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
«Մեր տեղեկություններով՝ մի քանի րոպե առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։
Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Փորձեցինք կապվել ԳՇ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Մեզ հաջողվեց կապ հաստատել ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ։ Նա ասաց, որ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է, սակայն չկարողացանք պարզել, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև պետական գաղտնիքին»։
Նշենք, որ լուրի տարածումից որոշ ժամանակ անց ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքեց այն՝ ընդգծելով, որ ՌԴ ներկայացուցիչներ տարբեր առիթներով կարող ենբ գալ, բայց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների այցի մասին ինֆորմացիան սուտ է, չկա նման բան: Այս մասին ՊՆ լրատվական վարչությունից հայտնեցին Yerevan.Today-ին:
