Ռազիկ Պետրոսյանն ինչպե՞ս է մարզպետ նշանակվել լիցենզիա չունեցող բուհի դիպլոմով. Արեգնազ Մանուկյան
Ռազմիկ Պետրոսյանին մարզպետ նշանակելուց առաջ կառավարությունը չգիտե՞ր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար։ Ինչո՞ւ է անգամ այս պացահայտումից հետո Ռազմիկ Պետրոսյանը շարունակում պաշտոնավարել։ Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Yerevan.today-ը գրել էր, որ Արագածոտնի մարզի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պողոսյանի՝ բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը փաստող դիպլոմը կեղծ է։
Ի պատասխան հնչած հարցի՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ասաց․
«Կա պարզ ընթացակարգ։ Երբ մարդը պաշտոնի է նշանակվում, աշխատակազմերում կան համապատասխան վարչություններ, որոնք համապատասխան փաստաթղթեր են պահանջում, պարոն Պետրոսյանը ներկայացրել է փաստաթղթերը , վարչությունները պարտավոր չեն ստուգել այդ բուհը երբ է լիցենզիա ունեցել կամ էլ ունեցել է, թե ոչ։ Այնպես որ, նշանակումը կատարվել է, քանի որ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։ Եթե կան խնդիրներ, կրածում եմ իրավական տիրույթում են, կքննարկվեն։ Բայց կարծում եմ կառավարությունում չեն ստուգում բուհի լիցենզիան երբ է ավարտվել, թե չի ավարտվել»։
Մանուկյանն արձագանքելիս նշեց, որ իր հրապարակած փաստերի առնչությամբ արդեն իսկ պետք է քննություն սկսված լիներ։ «Կարծում եմ, որ արագացված տեմպերով պետք է Ռազմիկ Պետրոսյանը պաշտոնակ եղած լիներ։ Կարող եմ եզրակացնել, որ կառավարությունն ի սկզբանե իմացել է, որ Պետրոսյանը չի համապատասխանում մարզպետի պաշտոնին, բայց նշանակվել է, հետևաբար ունենք ապօրինի նշանակված պաշտոնյա, կամ էլ չի իմացել, բայց քանի որ նա շարունակում է պաշտոնավարել, կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս մարդը իշխանություններին պետք է, օրինակ, ընտրությունների ժամանակ ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու համար»,- նկատեց Արեգնազ Մանուկյանը։
