Մեր պատգամավորները անհապաղ ազատության մեջ են լինելու. Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց դեկտեմբերի 7-ին ընդունված որոշումը, որով արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբևէ տեղի ունեցել էր: Այս գումարման ԱԺ-ի 3 պատգամավորներ մինչ օրս կալանավորված են, և բարձր դատարանն արձանագրեց, որ նշվածը եղել է ապօրինի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ մեր խմբակցությունը ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստի օրը՝ օգոստոսի 2-ին, արձանագրել էր նշվածը որպես ապօրինի երևույթ: Հղում էինք տվել Սահմանադրության ամենապարզ դրույթին՝ 96-րդ հոդվածին, որն անտեսվել էր: Հիշեցման կարգով 2021-ի հուլիսի 27-ին այս խնդրի մասին ես դեռևս որպես փաստաբան, գրություն հասցեագրել էի գլխավոր դատախան Արթուր Դավթյանին: Վերջինս որևէ միջոց չէր ձեռնարկել:
Կարող եմ վստահեցնել, որ այս իրավիճակը լուծվելու է, մեր ընկերները լինելու են անհապաղ ազատության մեջ, իսկ այս վարքագծի համար լինելու են հետևանքներ»,-ասաց պատգամավորը:
