Ռազմավարական կարևոր դիրքերում մեր զորքերը հետ են քաշվել բանավոր հրամանով. Սեյրան Օհանյան
Այս ռազմաքաղաքական իրավիճակի պատճառը քաղաքական ռեսուրսների անկման մեջ են տեսնում, որն արտահայտվում է Հայաստանի և Արցախի շուրջ բանակցային պրոցեսի խարխլմամբ և արտաքին քաղաքականության մեջ մեր ունեցած թերություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նա, մասնավորապես, նշեց․
«Այսօր Արցախյան հարցի շուրջ բանակցությունների վերաբերյալ մի շրջապտույտի մեջ ենք մտնում, որին մեզանից ոչ մեկն այնքան խորությամբ չի տիրապետում, որքան տիրապետել են այն քաղաքական անձինք, որոնք այս 27-30 տարիների ընթացքում վարել են ողջ գործընթացը։ Քաղաքական ռեսուրսների անկումը տեսնում եմ այն պատճառով, որ այսօրվա իշխանությունները, 2018-ին ստանձնելով կառավարումը, խորը չուսումնասիրեցին՝ ինչի՞ վրա հենվել, ո՞ր ուղղությամբ գնալ, ինչպե՞ս անել, որ 2016-ից հետո էլ բանակցային գործընթացում ձեռքբերված չափազանց կարևոր՝ ուժի չկիրառման և վստահության մեխանիզմների ձևավորման խնդիրը պատշաճ մակարդակով շարունակական դարձվի։ Քաղաքական ռեսուրսների նվազում հասկացություն կա, երբ իրականացվում է պաշտպանական-ռազմավարական վերանայում։ Ամենակարևոր սպառնալիքներից մեկն է այսօր, քանի որ այդ ռեսուրսների նվազման պատճառով է, որ շարունակական ճնշում է իրականացվում ՀՀ իշխանությունների վրա։
Ռեսուրսների նվազման հետ միասին նաև անվտանգության համակարգի խարխլումն է, որ բերել է այս իրավիճակին։ Մենք կառավարման խնդիրներ ունենք ռազմավարության առաջնահերթությունների հարցում, ինչը մենք տեսնում ենք։ Առաջնահերթություններ են պատճառ հանդիսանում, երբ սահմանում իրավիճակի լարվածության հետ մեկտեղ մենք ինչ-որ հարց են առաջ քաշում, գործիքակազմ, որն ընդդիմադիր ուժը կարող է օգտագործել և պահանջել գործադրից ներկայացնել իրավիճակը, մտավածությունները, որոնք առկա են և հանրության համար մտահոգիչ են։
Այս ամենը պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ռազմավարաիկան կարևոր կետերում մեր զորքերը բանավոր հրամանով հետ են քաշվել»։
