Ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը և առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով. Գրիգոր Երիցյան
Երեւանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տևական ժամանակ է, ինչ Երևանի ավագանու կառավարող խմբակցությունը դադարել է ներկայացնել Երևանի բնակիչների շահերը և առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով։
Այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը։ Այնուամենայնիվ, քաղաքապետի և ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ և որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երևան հասնել, սաբոտաժի մասնակիցները իրար հերթ չտալով փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը։
Այս սաբոտաժի անհեռատես տապալված փորձը ավելի խորացրեց քաղաքապետի և կառավարող խմբակցության միջև ճգնաժամը»։
