Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու․ Իշխան Սաղաթելյան
ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է լինելու՝ ասաց նա։ Հայաստանի, որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է։
«Արցախի, Հայաստանի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ու կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի ամրագրում։ Անհրաժեշտ է ամրագրել Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը»,-հայտարարեց Իշխան սաղաթելյանը։
Նա համոզված է, որ պետության անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է կազմակերպված ներկայությունը փողոցում։
«Սուտ խոստումներով և կեղծ կարգախոսներով վերարտադրված իշխանությունը այլևս չունի ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ չնայած ՏԻՄ ընտրություններում բազմաթիվ ապօրինություններին իշխանությունները չեն կարողացել գրանցել իրենց համար ցանկալի արդյունքներ։
«Հետընտրական շրջանում իշխանությունները, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, փորձում են նենգափոխել ժողովրդի կամարտահայտությունը․ դա դրսևորվում է մանդատագողությամբ, սպառնալիքներով, առևանգումների և ձերբակալությունների տեսքով։ Փաստորեն, ՏԻՄ ընտրություններով իշխանությունները մեկ անգամ ևս վերահաստատեցին, որ իրենց միակ գերխնդիրն իրենց իշխանության պահպանումն է, որևէ կապ չունեն ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։ Դա իրենց համար ընդամենը կարգախոս է և ֆեյսբուքյան գրառում»,-ասաց Իշխան սաղաթելյանը։
Եվ քանի որ նրանք պատրաստ չեն իշխանությունը զիջեուն, ուրեմն այս պայմաններում պետության անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է պետություն ունենալ ցանկացողների նպատակաուղղված և կազմակերպված ներկայությունը փողոցում, որը պիտի վերածվի արժանապատվության վերականգնման համազգային ալիքի։
Դաշնակցության հակադրությունը այս իշխանության հետ գաղափարական է, ասաց նա, դա Հայաստանի և Արցախի ներկային ու ապագային ուղղված քաղաքականությունն է։
«Սա պայքար է երկու տեսակների՝ մարդկանց, ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն և հայրենիք և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան։ Մենք մերժելի ենք համարում օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով ինքնաոչնչացման ճանապարհ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Բոլոր իրադարձություններին պետք է նայել այս տեսանկյունից, նշեց նա, սա ոչ թե պայքար է ընդամենն իշխանություն ունենալու համար, այլ երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի երկրի կործանման այս ընթացքը։
