Մեր մեջքի հետևում ստորագրվել է փաստաթուղթ, որով Սյունիքի անվտանգությունը դրվել է շատ մեծ հարցականի տակ․ Աննա Գրիգորյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով մեր զորքերը Սյունիքում հետ են քաշվել՝ այդպիսով լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունքի և առհասարակ ամբողջ հանրապետության համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Պետք է հասկանալ, թե այդ ինչ դրույթներ են եղել փաստաթղթում և արդյոք դրանք մինչև այսօր պահպանվում են։ Մեկ տարի անց բացահայտում ենք, որ մեր մեջքի հետևում ստորագրվել է փաստաթուղթ, որով Սյունիքի անվտանգությունը դրվել է շատ մեծ հարցականի տակ, թեպետ ասում էին, որ այս գործողություններն արվում են, որպեսզի ապահովեն Սյունիքի անվտանգությունը։ Շատ կարևոր է սրա մասին խոսելը, որովհետև իշխանությունները նորից հերթական գաղտնի գործընթացն են նախաձեռնում այս դեպքւոմ Թուրքիայի հետ և պետք է հասկանալ, որ այն, ինչ հնչեցվում է, միշտ չէ, որ իրականություն է։ Կան բազմաթիվ գաղտնի շերտեր, որոնց մենք չենք տիրապետում»,- ասաց Գրիգորյանը։
