Վարակվելու դեպքում չպատվաստված քաղաքացին, հնարավոր է, ինքը վճարի իր բուժման համար
Չպատվաստված քաղաքացիների պարագայում պիտի դիտարկենք նաև կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու հարցը:Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ այս պահին հաշվարկներ են իրականացվում, թե կորոնավիրուսային վարակի բուժման մեկ դեպքի արժեքը որքան է կազմում:
«Այն քաղաքացիների համար, ովքեր չեն ուզում օգտվել շատ արդյունավետ և հարյուր անգամներով նվազ ծախս կատարելու արդյունքում պաշտպանել իրենց առողջությունը, մենք պիտի դիտարկենք նաև բուժումը վճարովի դարձնելու հարցը: Այս պահին մենք հաշվարկներ ենք իրականացնում, թե քովիդի բուժման մեկ դեպքի արժեքը ինչքան կկազմի», - ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց նաև․ «Մեր զինանոցում, իհարկե, դեռ կան և՛ խրախուսող, և՛ որոշակի առումով սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք, ըստ ժամանակի, կգործարկենք: Դուք գիտեք, որ հիմա քննարկման փուլում է գտնվում սննդի վայրերում, ժամանցի վայրերում ևս պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ պահանջելը: Ավարտական տեխնիկական մի քանի ճշգրտումներ կան անելու, կարծում եմ, դա առաջիկա շաբաթվա մեջ կհաստատվի: Մենք նաև ժամկետը մի փոքր կհետաձգենք, որ նաև հասցնեն մեր այլ գործընկերները պատվաստվել»:
Վերջինս նշեց նաև, որ աշխատող քաղաքիցների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է, ինչը նշանակում է, որ ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերը իրենց դրական ազդեցությունն են ունեցել:
